Տեղի ունեցավ մի գործընթաց, որի արդյունքում բոլորը տեսան, որ ՀՀ քաղաքացին ունի արժանապատվություն, կամք եւ ցանկություն՝ փոխելու իրերի վիճակը, որը տարիների ընթացքում ստեղծել են իշխանությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Տեսանք, որ դա չընդունվեց մեր ժողովրդի կողմից, իշխանությունների միակ զինանոցը եղավ ոչ թե ընտրակաշառքը եւ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, այլ բացառապես բազմակի քվեարկությունները, հաշվարկի ժամանակ ձայնագողությունը»,- ասաց նա:
«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ բազմաթիվ ապացույցներ կան, եւ ցանկության դեպքում եւ ԿԸՀ-ն, եւ իշխանության տարբեր մարմիններ ունեն այդ լիազորությունները, որպեսզի ստուգեն: Որպես օրինակ նա նշեց, որ Վարդենիկից մի քաղաքացի մոտեցել է իրեն եւ ասել, որ երեք հազար ձայն լցրել են, նմանատիպ ահազանգեր եղել են Վարդենիսից, Սեւանից: Նա շեշտեց, որ լայնամասշտաբ կեղծիքների արդյունքում է, որ իշխանության թեկնածուի օգտին գրանցել են 58 տոկոս ձայն:
ՍԴ դիմել-չդիմելու հարցը դեռ չի քննարկվել, բայց այսօր Արմեն Մարտիրոսյանը դիմելու է Վարչական դատարան՝ ԿԸՀ ներկայացված իր դիմումը մերժելու վերաբերյալ:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանությունները պետք է ընդունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, դրանով փորձեն համատեղ լուծումներ գտնել, որ իշխանության փոխանցումը լինի սահուն՝ առանց ցնցումների: «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս շարժվում են երկխոսության ուղղությամբ, երկխոսության փորձեր են իրականացնում իշխանության հետ, բայց դա միակ պայքարի ձեւը չէ, պայքարի մեթոդները շատ են եւ ամեն ինչ հնարավոր է կիրառվի: «Մեր պայքարն ընթանում է բարեւի հեղափոխության շրջանակններում, ագրեսիվ պայքար չէ: Բայց վերջում իշխանափոխություն է լինելու, բարեւի հեղափոխությունն արդյունք է տալու»,- նշեց նա, հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահության պարագայում նոր ընդդիմություն պետք է ձեւավորվի եւ դա պետք է լինի ներկա իշխանության շրջանակներում:
«Ի դեմս ՀՀԿ-ի՝ կունենանք շատ լավ ընդդիմություն»,- նշեց նա՝ շեշտելով, որ ՕԵԿ-ը եւ ՀՀԿ-ն, որպեսզի օլիգարխիայից մաքրվեն, պետք է դառնան ընդդիմություն: Նա վստահեցրեց, որ իրենք ընդդիմության համար կստեղծեն վերահսկողական լծակներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























