Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զայրույթն առաջացրած կանոնակարգի փոփոխությունների էությունը կայանում է խորհրդարանի նախագահի լիազորությունների սահմանափակումը պատգամավորների` անհարգելի բացակայությունների հարցի քննարկման ժամանակ եւ դրանց փոխանցումը էթիկայի հանձնաժողովին: Նշենք, որ ԲՀԿ-ն սպառնում էր լքել աշխատանքը էթիկայի հանձնաժողովում:

Օրինագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, թե ըստ Սահմանադրության, պատգամավորները, որոնք անհարգելի պատճառներով չեն մասնակցել քվեարկությունների կեսից ավելիին, զրկվում են մանդատից: ԱԺ Կանոնակարգ օրենքը սահմանում է հարգելի պատճառների ցանկը` գործուղում, հիվանդություն, կալանք, քաղաքական բոյկոտ, նաեւ անձնական պատճառներով բացակայությունը: Վերջին դեպքում հարգելի պատճառը որոշում է խորհրդարանի նախագահը: Միեւնույն ժամանակ խորհրդարանի նախագահը մեծամասնության ներկաայցուցիչ է: Որպեսզի դա ընդդիմության դեմ մեխանիզմ չդառնա, օրինագծի հեղինակներն առաջարկում են սահմանափակել նախագահի լիազորությունները եւ հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում, եւ եթե հանձնաժողովը պատճառն անհարգելի որակի, մանդատից զրկելու հարցը դրվի քվեարկության:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ առաջարկված մեխանիզմը լիարժեք չի գործի, քանի որ կլինեն պատգամավորներ, որոնք 15 րոպեով կհայտնվեն խորհրդարանում, կգրանցվեն եւ կհեռանան, եւ առաջարկել է գրանցվել ամեն ընդմիջումից հետո:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե նախաձեռնությունը չի քննարկվել խմբակցություններում եւ ինքն անձամբ դեմ է նախաձեռնությանը: Հանրապետականի կարծիքով, պատգամավորի բացակայության րահգելիության հարցը էթիկայի հարց չէ, այլ իրավական հարց, ուստի գործառույթները պետք է տրվեն պետաիրավական հարցերի հանձնաժողովին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը օրինագծում հստակ քաղաքական ենթատեքստ է տեսել: Նա համաձայն է, որ հարցը ոչ թե էթիկայի, այլ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է զբաղվի, իսկ եթե էթիկայի հանձնաժողովն անելիք չունի, թող զբաղվի Facebook-ում որոշ պատգամավորների գրություններով:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե խորհրդարանակն մեծամասնությունը ձախողեց այս դրական նախաձեռնությունը եւս, փաստացի հարցում երկու ֆիլտր է դրվում, երկուսն էլ գտնվում է մեծամասնության ձեռքին:

Դավիթ Հարությունյանը նշել է, թե էթիկայի հանձնաժողովը որոշում չի կայացնելու, այլ եզրակացություն: Նա նաեւ դեմ է, որ հարցը քննարկի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, քանի որ այն խորհրդարանում ուժերի ներկայացվածության հայելային արտացոլումն է, իսկ իրենք ուզում են, որ հարցը քննի չեզոք միավորը: