Ոչ ոք չպետք է ճնշում գործադրի ընտրողների ազատ կամքի վրա: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ի պատասխան, ոստիկանության ներկայացուցիչն ասել է. «Կարող եմ Ձեզ ասել, որ ոչ մի սպառնալիք մենք չենք կիրառում», ինչին ընդդիմության առաջնորդն արձագանքել է. «Ես հարգում եմ ոստիկանությանը, նա պաշտպանում է օրենքը, որի առաջ մենք բոլորս հավասար ենք»:

Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Քաջարանի քաղաքապետ եւ ՀՀԿ տարածքային կառույցի համակարգող Վարդան Գեւորգյանի հետ: Ընդունելով Հովհաննիսյանին, վերջինս հայտարարել է, որ շնորհավորում է Սերժ Սարգսյանին հաղթանակի առթիվ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին` «պատվավոր երկրորդ տեղը գրավելու առթիվ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի դիտողությանը, որ ԿԸՀ կողմից հրապարակված ընտրությունների արդյունքները վստահության արժանի չեն, քաղաքապետը նշել է, որ այդ տվյալները պաշտոնապես հաստատված են:

«Ես Ձեզ շատ եմ հարգում եւ ելնելով դրանից նախընտրական շրջանում չձեւակերպեցի վարչական խախտումը, որովհետեւ Դուք քարոզարշավ էինք իրականացնում մեր քաղաքում, բայց ոչ մի անգամ հանրահավաքների մասին իրազեկում չեք ներկայացրել քաղաքի իշխանություններին»,-ասել է Քաջարանի քաղաքապետը: Սրան ընդդիմության առաջնորդն անմիջապես արձագանքել է, որ եթե ինքը խախտել է օրենքը, պետք է պատասխան տա դրա համար: «Չարտոնված հավաքի համար տուգանքը կազմում է 5 հազար դրա՞մ: Ես պատրաստ եմ վճարել դա, եթե խախտում եմ թույլ տվել»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: