Հայաստանում չկա հետընտրական ճգնաժամ, սակայն կա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քարոզչության հետ կապված իրավիճակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ու հավելեց. «Սխալ է հայտարարել թե, սա քաղաքական ճգնաժամ է»:

«Երբ երկրից 5 տարիների ընթացքում հեռանում է 200 հազար մարդ, բնական է, դա վկայում է այն մասին, որ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համակարգերում ճգնաժամ կա: Դա երկրում գոյություն ունեցող իրավիճակն է, սակայն չի կարելի դա անվանել քաղաքական ճգնաժամ»,-ասաց բադալյանը:

Նրա խոսքով` «ճգնաժամ» բառը ենթադրում է պայթյունավտանգ իրավիճակ, սակայն որեւէ նման բան չկա երկրի ներքաղաքական կյանքում, պարզապես մարդիկ դժգոհ լինելով նախագահական ընտրությունների արդյունքներից, դուրս են եկել փողոց, ինչպես դա եղել է բոլոր նախորդ նախագահական ընտրություններից հետո: Բայց հայտարարել, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, որը կարող է եթե ոչ այսօր, ապա վաղը իր մասին հիշեցնել,  ըստ Բադալյանի, չարժե:

«Ավելին, հետընտրական իրադարձությունները կարելի է մեկնաբանել երկու ուղղություններով` ժողովրդի մի մասը, դժգոհ լինելոով ընտրությունների արդյունքներից, շարժվում է իներցիայով եւ մի քանի շաբաթից կարող է հոգնել, եւ ամենայն հավանականությամբ, այդ շարժումը ուղղորդվում է: Ամեն բան պարզ կլինի 2-3 շաբաթ անց»,-նշեց նա:

Այդուհանդերձ, Բադալյանի ներկայացմամբ, Հայաստանում ընթացող գործընթացները վտանգ չեն ներկայացնում գործող նախագահի համար:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am