Ռուս հայտնի հեռուստալրագրողներ Վլադիմիր Պոզներն ու Արկադի Մամոնտովը «հաճոյախոսել են» միմյանց այն բանից հետո, երբ Պոզները` վերջերս Օլեգ Կաշինին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե նա լողափում լիներ Մամոնտովի հետ, ապա դա իրեն կվարկաբեկեր, իսկ Մամոնտովն ի պատասխան` նրան «լրտես» է անվանել:

Պոզները մեկնաբանել է կայքում հայտնված այն նկարը, որում նա Ռոման Աբրամովիչի հետ է: «Ես այնքան էլ չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է Աբրամովիչի հետ ծանոթությունն ինչ-որ մեկին վարկաբեկի: Այո, ես համաձայն եմ, որ եթե լողափին լինեմ, օրինակ Մամոնտովի հետ, ապա կվարկաբեկվեմ»,- ասել է նա: 

Ի պատասխան Մամոնտովը հայտարարել է, որ Պոզները «վաղուցվա լրտես, եւ լրտեսի որդի է», ով զբաղվում է նրանով, ինչը շոյում է իր իքնասիրությունը: «Շատ բան տեսած մարդու կոկետությունն առաջացնում է միայն թեթեւ խղճահարություն: Մարդիկ ուշադրություն են դարձնում այն կերպարի հետընթացին, ով երբեւէ վառ անձնավորություն է եղել»,- պարզաբանել է «Ռոսիա-1»-ի հատուկ թղթակիցը, գրում է «Ուտրո.ռու»-ն:

Մամոնտովի կարծիքով` Պոզների այդպիսի պահվածքը կապված է նրա հետ, որ վերջինիս ուղղակի «դադարել են դիտել»: «Ոմանք  ժամանակ առ ժամանակ կհարցնեն` արդյոք նա վարտիքով է գնում երեկույթներին, թե «իսկական շոտլանդցու պես»` կիլտով»,- գրել է նա իր միկրոբլոգում: Ըստ Մամոնտովի` միակ զգացմունքը, որ առաջացնում է Պոզները, դա «անբարոյականության մեջ խորանալու» հանդեպ հետաքրքրությունն է:

Ամփոփելով`  Մամոնտովն ասել է. «Ինչո՞ւ պետք է մեր պետությունը վճարի երեք անձնագիր ունեցող մարդու` Վլադիմիր Վլադիմիրովիչ Պոզների հիմար ճիզվիտականության համար»: