Շինարարական նախահաշիվների կազմումն ու շինարարության ընթացքի առավել արդյունավետ կառավարումը շուտով հնարավոր կլինի նոր համակարգչային ծրագրի միջոցով։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Five Dimensions» ընկերության տնօրեն Արիստակես Թումասյանը՝ ավելացնելով, որ «Նախահաշիվների կազմման եւ շինարարական կազմակերպության գործունեության վարման ու մոնիտորինգի» ծրագրային փաթեթի շնորհիվ հնարավոր կլինի շինարարության պրոցեսի արդյունավետ կառավարում իրականացնել։
Ըստ նրա՝ ծրագրի միջոցով անընդհատ հնարավոր կլինի ժամանակ-բյուջե հարաբերակցության ու ծախսերի վերահսկողություն իրականացնել՝ գնային տատանումների ժամանակ։ «Այսօր շինարարության ամենաանլուծելի խնդիրը հենց չնախատեսված ծախսերն ու գումարների անվերահսկելիությունն է։ Ստեղծվող ծրագիրը թույլ կտա լուծել այդ խնդիրը եւ գնահատել առկա իրավիճակն ու հետագա ծախսերը»,- ասաց Ա. Թումասյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շնորհիվ որեւէ տվյալի մուտքագրման մասին միաժամանակ տեղյակ կլինեն հաշվապահությունում, պահեստում, շինարարական տեղամասում եւ բանկում, այսինքն՝ հնարավոր կլինի ցանկացած տեղից տեղեկանալ անհրաժեշտ ինֆորմացիային։



























