Կամչատկայում խոզի գրիպից մահացության դեպք է արձանագրվել: Երկու շաբաթ Կամչատկայի երկրամասի Ելիզովո շրջանի բնակիչը տանն է եղել, հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է: Այդ մասին գրիպի համաճարակի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարարի տեղակալ Մարինա Վոլկովան:
Եւս մեկ մահացու դեպք է գրանցվել Վիլյուչինսկ քաղաքում: Հիվանդը բժշկի էր դիմել հիվանդությունն սկսվելուց երկու օր անց, սակայն նրա մոտ գրիպի ախտորոշումը դեռեւս չի հաստատվել, հայտնում է rbc-ն:
Ռոսպոտրեբնադզորի շրջանային վարչության ղեկավար Նատալյա Ժդանովան հայտնել է, որ գրիպի եւ սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը երկրամասում գնահատվում է որպես համաճարակային: Կամչատկայում մեկ ամսվա ընթացքում գրիպով հիվանդացել է 10,5 հազար մարդ: Բժիշկները գրանցել են A(H1N1) խոզի գրիպի 17 դեպք:
Այսօր` մարտի 4-ին, ամբողջովին փակվել են Ելիզովո շրջանի բոլոր դպրոցները, եւս վեց ուսումնական հաստատություններ մասամբ պրոֆիլակտիկայի են անցել:




























