Հայաստանի ներքին կյանքին ՀԱՊԿ ԱԱՀՈՒ միջամտության հնարավորության մասին հայտարարությունները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին: Այդ մասին հայտնել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝  NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ընդդիմության մարտի 2-ի հավաքում հնչած հայտարարությունը:

Հրայր Կարապետյանը հիշեցրել է, որ երկար տարիներ աշխատել է հանձնաժողովում, զբաղվել է ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերով, Արագ արձագանքման հավաքական ուժերի եւ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ  կանոնադրության ստեղծման ականատեսն է:  «Ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայաստանի ավանդը, ԱԱՀՈՒ ստեղծումը իրականություն է դարձել ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության տարիներին», - նշել է Հրայր Կարապետյանը:

Անդրադառնալով հանրահավաքին հնչած պնդումների իրականությանը չհամապատասխանելուն`Հրայր Կարապետյանն ընդգծել է, որ ԱԱՀՈՒ-ի միջամտությունը նախատեսված է բացառապես երկրի ինքնիշխանությանը սպառնացող արտաքին վտանգի դեպքում: «Ղրղըզստանում հայտնի իրադարձությունների ընթացքում խոսակցություններ կային, սակայն ԱԱՀՈՒ -ն չմիջամտեց, քանի որ միջամտությունն, ինչպես նշեցի, նախատեսված է արտաքին սպառնալիքի դեպքում: Այդ առումով ԱԱՀՈՒ-ի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից եւ կապված է Ադրբեջանի հավանական ագրեսիայի հետ: Իսկ հանրահավաքին հնչած հայտարարությունները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին», - ընդգծել է Հրայր Կարապետյանը, հավելելով, որ առանց այդ էլ Բաքուն բազմիցս փորձել է խեղաթյուրել ԱԱՀՈՒ -ի նպատակները եւ ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված, այդ թվում՝  ռազմատեխնիկական օգնության եւ համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթերի բովանդակությունը:

Նշենք, որ մարտի 2-ին նախագահական ընտությունների արդյունքները չընդունող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցած Արկադի Վարդանյանը հայտարարել էր, որ «Հայաստանի իշխանությունները փորձում են  արտաքին ուժեր գործի դնել սեփական ժողովրդի դեմ պայքարում»: Ըստ նրա` մամուլում տեղեկություն էր տարածվել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կարգավորման համար  ՀԱՊԿ ԱԱՀՈՒ -ի ուժերի  ներգրավման հավանականության մասին: 

Վարդանյանի պնդման պատճառ էր դարձել Ռուսաստանի օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի հայտարարությունը, որ անհրաժեշտության դեպքում ռուս դեսանտայինները որպես արագ արձագանքման ուժեր մարտական առաջադրանքների կատարման համար կարող են ուղարկվել նաեւ Ռուսաստանից դուրս: Խոսքը ճգնաժամերի դեպքում ՕԴԶ-ի կիրառման մասին է, սակայն կոնկրետ ինչպիսի` չի նշվում: