«Կին առաջնորդ»  ֆորումի  համակարգող խորհուրդը հանդես է եկել բողոքի հայտարարությանբ` կապված Հայաստանի ԱԳՆ շենքի աճուրդի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Հայտնում ենք մեր վրդովմունքը եւ մտահոգությունը  ՀՀ կառավարության կողմից Արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդի հայտարարման վերաբերյալ: Ցավով ստիպված ենք եզրակացնել, որ անկախացումից  22 տարի անց Հայաստանի իշխանությունները դեռեւս չենք գիտակցում անկախ պետության առաքելությունը եւ առաջնորդվում են  սխալ եւ խեղված արժեքային համակարգով, որտեղ գերակա արժեք է համարվում ոչ թե ժողովուրդը, հոգեւորը եւ պետականությունը, այլ` փողը:

Ուզում ենք հիշեցնել  կառավարության ներկայացուցիչներին, ովքեր ձեռնարկել եւ իրականացնում են այդ  գործարքը, որ աճուրդի կարող են հանել իրենց անձնական ունեցվածքը միայն եւ ոչ թե պետականության խորհրդանիշ հանդիսացող շինությունները, որոնք  հայ հասարակության սեփականությունն են:

Ուզում ենք հիշեցնել, որ «Հանրապետության հրապարակը» այդպես է կոչվում այնտեղ գտնվող պետական հաստատությունների եւ ոչ թե տուրիստական կենտրոնների նպատակով:

Ստիպված ենք նշել, որ պետական գործիչներից պահանջվում է պետական մտածողություն, ազգային արժանապատվություն եւ ոչ թե առեւտրականի հմտություններ: Պետականաշինությունը բիզնես ծրագիր չէ եւ վաճառականի հոգեբանությամբ մարդիկ այնտեղ  անելիք  չունեն:

Մենք  ահազանգում ենք եւ պահանջում ենք չեղյալ հայտարարել  Արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդի  ամոթաբեր գործարքը, որը դժվար է այլ կերպ որակել, քան  ազգային եւ պետական շահերի դավաճանություն»: