Սեպտեմբերի 16-17-ին Երևանում կայացավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից  կազմակերպված 14-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը՝ «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ բարդ վեճեր, արդյունավետ լուծումներ» խորագրով:

Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց Հայաստանի և արտասահմանի ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու սպառողների վստահության ամրապնդման, ֆինանսական ծառայությունների զարգացման և վեճերի արդյունավետ կարգավորման արդի հիմնախնդիրները։

Կոնֆերանսին ներկա էր շուրջ 120 մասնակից՝ ներառյալ ՀՀ ֆինանսական համակարգի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, ինչպես նաև Ֆինանսական օմբուդսմենների գրասենյակների ներկայացուցիչներ։ 

Կոնֆերանսի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն էին արհեստական բանականության կիրառումը հաճախորդների սպասարկման և ֆինանսական ծառայությունների ոլորտներում, վճարային խարդախությունների և տվյալների պաշտպանության հիմնախնդիրները, ֆինանսական կրթության դերը զեղծարարությունների դեմ պայքարում, ինչպես նաև ապահովագրական վեճերի կարգավորման մարտահրավերները։

Առանձին անդրադարձ եղավ նաև «Իրավասությունների համընկնումների կարգավորումը․ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը և վեճերի այլընտրանքային լուծումը» թեմայով պանելային քննարկմանը։

Կոնֆերանսին միջազգային փորձը ներկայացրին Շվեյցարիայի բանկային օմբուդսմեն Անդրեաս Բարֆուսը, ՌԴ ֆինանսական օմբուդսմեն Սվետլանա Մաքսիմովան, Ավստրիայի ֆինանսական գրագիտության բաժնի ղեկավար Շտեֆան Հումերը և Բելգիայի օմբուդսմեն Ժան Կատարուցցան։ Զեկույցներով և ելույթներով հանդես եկան նաև ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։

Կոնֆերանսին ելույթ ունեցավ նաև ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ ներկայացնելով Հաշտարարի գրասենյակի փորձն ու մոտեցումները ֆինանսական վեճերի արդյունավետ կարգավորման ուղղությամբ։

Արդեն 14 տարի շարունակ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ամենամյա միջազգային կոնֆերանսը ծառայում է որպես երկխոսության, համագործակցության և փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ու վստահելի ֆինանսական միջավայրի ձևավորմանը։