ՆԳՆ-ին ենթակա Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը (BAMF) կարող է սկսել Գերմանիայում գտնվող սիրիացի փախստականների պաշտպանության կարգավիճակի զանգվածային չեղարկումը։ Այս մասին հայտնում է «RedaktionsNetzwerk Deutschland» (RND) մեդիախումբը՝ հղում անելով Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության ներքին քաղաքականության հարցերով փորձագետներին։

«Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը մտադիր է արդեն այս աշնանը BAMF-ին հանձնարարել զանգվածաբար զրկել սիրիացիներին պաշտպանության կարգավիճակից»,- ասված է մեդիախմբի հաղորդագրության մեջ։

Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ներքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ալեքսանդր Տրոմը RND-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կացության իրավունքի չեղարկման ստուգումները պետք է սկսել «միայնակ ճանապարհորդող երիտասարդ տղամարդկանցից, ովքեր սոցիալական աջակցություն են ստանում», այսինքն՝ չեն աշխատում և ապրում են գերմանական պետության հաշվին։ Իսկ մշտական աշխատանք ունեցող անձինք, նրա խոսքով, հնարավորություն կունենան Գերմանիայում պաշտոնական կացության կարգավիճակ ստանալ։

Քաղաքական գործիչն ընդգծել է նաև, որ վիզաների չեղարկմանը զուգահեռ անհրաժեշտ է մշակել սիրիացի փախստականների «կամավոր վերադարձի խրախուսման» առավել արդյունավետ ծրագիր։ Նրա կարծիքով՝ դա պետք է մեծացնի երկրից կամավոր հեռանալու ցանկությունը, քանի որ ցանկացած կամավոր հեռացում «ավելի էժան է նստում, քան հարկադիր արտաքսումը»։

Ինչպես նշել է Տրոմը, Գերմանիայի 2027 թվականի բյուջեի նախագծով արդեն իսկ նախատեսվում է կամավոր հեռացման համար տրամադրվող նպաստների ավելացում։ Համեմատության համար՝ այժմ այդ նպաստը կազմում է 1000 եվրո՝ յուրաքանչյուր չափահաս անձի համար։

Ավելի վերջերս Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Գերմանիայում գտնվող սիրիացի փախստականները պետք է վերադառնան տուն, քանի որ իրենց երկրում պատերազմն ավարտված է, հակառակ դեպքում նրանց արտաքսում է սպառնում։ Սրա հետ կապված՝ կանցլերը Գերմանիա է հրավիրել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաային՝ սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադարձի հարցը քննարկելու համար։