Լիճն ինքնին, իր շրջակայքով՝ եղեգներով, չռիկով, պատերով և ափերով բարեկարգման կարիք ընդհանրապես չունի։ Այս մասին Երևանի Աղի լճի ափին նկարահանված տեսանյութում հայտնում է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 21-ին լճի շրջակայքը բարեկարգելու աշխատանքների շրջանակներում կապալառուն սկսել էր քանդել եղեգով պատված ափը։
Հայրումյանի խոսքով, լճից օգտվող քաղաքացիները պահանջում են, որ դրա շրջակայքի էկոհամակարգն անփոփոխ մնան։
«Եթե Երևանի քաղաքապետարանը ցանկանում է այս տարածքը բարեկարգել, ապա պետք է բարեկարգի, ափից հեռու արևմտյան հատվածը։ Պետք է զուգարան, խմելու ջուր, նստարաններ, հովհանոցներ, լուսավորություն։ Պետք է կանաչապատել շրջակա բլուրները, թույլ չտալ, որ այնտեղ լինի վճարովի շինարարական աղբի տեղադրման վայրեր»,-ասաց Հայրումյանը։
Տեսանյութին ուղեկցող գրառման մեջ բնապահպան ակտիվիստն ասում է.
«Աղի Լճի մասին այս տեսանյութն արել էի երեկ չէ առաջին օրը, երբ դեռ Երևանի քաղաքապետարանի «տենդեռ շահողը» որևէ աշխատանք չէր սկսել։ Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ցավոք, արդեն եղեգների մի մասը քարուքանդ են արվել։
Տիգրան Ավինյան Աղի Լիճ գնացել էի տեղի մշտական այցելուներից մի քանի հոգու խնդրանքով ու լսել եմ 10-ից ավելի մարդու կարծիք։ Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել լիճ, խոսել մարդկանց հետ, լսել մարդկանց կարծիքը ու տեղեկացրել նրանց թե ինչ եք պատդաստվում անել։
Աղի Լիճ համայնքը ուզում է, որ այս պահին դադարեցնեք այս ամենը, խոսեք իրենց հետ, լսեք իրենց մտահոգությունները ու փոխեք այս նախագիծը»։
Տեսանյութում քաղաքացիներից մեկը հայտնեց իր դժգոհությունը և դիմեց Նիկոլ Փաշինյան. «Կանգնեցրեք այդ ծրագիրը, թույլ միք տվեք, որ մեր լիճը մեր ձեռքից վերցնեն»։
«Ինչ անում են թող անեն, բայց եղեգին ձեռք չտան, բուժիչ Աղի լիճը այլևս գոյություն չի ունենա»





























