2011-ի փետրվարի 12-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասում մահացած զինվորի գործով տուժողի իրավահաջորդ Ռուբեն Մարտիրոսյանը բաց նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հոսեփյանին:
Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը.
«2013թ փետրվարի 13-ին Ձեզ եմ ուղարկել հաղորդում հանցագործության մասին.
2011թ փետրվարի 12-ին Պաշտպանության բանակի թիվ N զորամասում սպանվել է Թորգոմ Սարուխանյանը, այդ փաստով հարուցվել է քրեական գործը, որը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում (դատավոր` Հ. Դավթյան):
Քրեական գործով կատարվել է ակնհայտ կեղծ, հանցագործություններով ուղեկցված նախաքննություն, ինչի արդյունքում փաստերը նենգափոխվել են եւ Թ. Սարուխանյանի դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն:
Ներկայումս գործում որպես ամբաստանյալներ են ներգրավված երեք անձինք՝ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Ռոբերտ Բադալյանը եւ Հրանտ Կարապետյանը, ովքեր իբր դեպքից շուրջ երկու շաբաթ առաջ ապտակել են Թ. Սարուխանյանին, նվաստացրել նրան, հայհոյել եւ հասցրել ինքնասպանության:
Հաղորդմանս մեջ նշել եմ, որ գործով դիակի արտաքին զննությունը կատարած թիվ 186/10 դատաբժշկական եզրակացության հեղինակ Ա. Դալլաքյանը տվել է ակնհայտ կեղծ եզրակացություն, ինչի հիման վրա դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն:
Միաժամանակ նշել եմ, որ սա համակարգային հանցագործություն է, որում մեղավոր են ինչպես ՀՀ ՊՆ ՔԾ ղեկավարները, այնպես էլ նախաքննությունը հսկող Զինդատախազության պաշտոնատար անձինք` ընհուպ մինչեւ զինդատախազը: Նշել եմ նաեւ, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ կետի` իմ հաղորդման շուրջ քննությունը պետք է կատարվի ՀՔԾ շրջանակներում:
Օրենքի կոպիտ խախտումով` իմ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՊՆ Քննչական ծառայության ՀԿԳ Քննչական բաժին: Այսինքն` թեեւ ես նախօրոք գիտեի, որ կատարվելու է ապօրինություն եւ հատուկ նշել էի, որպեսզի հաղորդման շուրջ քննությունը կատարվի ՀՔԾ շրջանակներում, սակայն այսուհանդերձ ինձ չհաջողվեց ստիպել, որպեսզի գործի օրենքը: Հաղորդումս ուղարկվեց այն մարմնին, որին ես մեղադրում եմ Թ.Սարուխանյանի գործով կատարած հանցագործության մեջ:
Ցավոք սրտի, կատարվել է հերթական անօրինականությունը` հանցագործության մասին իմ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՊՆ ՔԾ: Սա նման անօրինականության առաջին դեպքը չէ: Մինչ օրս ես ուղարկել եմ շուրջ 30 հաղորդում հանցագործության մասին, ինչպես Թ. Սարուխանյանի, այնպես էլ 2010թ.-ի հուլիսի 27-ին սպանված լեյտենանտ Ա. Նազարյանի գործով, եւ իմ բոլոր հաղորդումներն ապօրինաբար ուղարկվել են այն մարմնին, որին ես մեղադրել եւ մեղադրում եմ նախաքննության ընթացքում կատարած հանցագործությունների մեջ:
Ելնելով վերոհիշյալից` պահանջում եմ անհապաղ վերջ դնել այս արատավոր գործելաոճին:
Պահանջում եմ Ձեր կարգադրությունը, որպեսզի իմ հաղորդումն ուղարկվի ՀՔԾ եւ օրենքով սահմանված կարգով դրան տրվի համապատասխան ընթացք»:




























