Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստն սկսվել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի բացման խոսքով: Նա մասնավորապես ասել է. «Անցած տարվա վերջին ամիսների ընթացքում արդեն նկատվեցին տնտեսական աճի վերականգնման միտումներ: Մենք 18,4 տոկոս տնտեսական անկումից ամիս առ ամիս, կամաց-կամաց սկսեցինք վերականգնվել եւ տարին ավարտեցինք 14,4 տոկոս տնտեսական անկումով, եւ ՀՆԱ-ն կազմեց 3 տրիլիոն 165 մլրդ դրամ: Արդյունաբերությունն ընդհանուր առմամբ ունեցավ 7,8 տոկոս անկում, ընդ որում, հետաքրքրական է, որ լեռնահումքային արդյունաբերությունը տարին ավարտեց 7,6 տոկոս աճով: 14,4 տոկոս անկման մեջ ավելին քան 11,2 տոկոսը պայմանավորված էր շինարարության ոլորտում աշխատանքների կանգով: Քանի որ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 30 տոկոս, ապա հասկանալի է, որ շինարարությունում 25 տոկոսանոց անկումն իր բացասական ազդեցությունն է թողել մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների վրա»:

Նրա խոսքով, տարվա ընթացքում էապես ավելացել են պետության կողմից իրականացվող ծախսերը, մասնավորապես 16 տոկոսով ավելացել են թոշակները, 12 տոկոսով` սոցիալական նպաստները, երեխաների համար տրվող նպաստները 3000 դրամից հասել է 18 հազարի, 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար միանվագ վճարները 300 հազար դրամից հասել է 430 հազարի: USAID-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծննդօգնության ոլորտում կոռուպցիան 80 տոկոսից նվազել է մինչեւ 20 տոկոս: