Երեւանում մարտի 1-ից միկրոավտոբուսային երեք երթուղիներ փոխարինվել են ներկրված 36 ավտոբուսներով: Մասնավոր ընկերությունների կողմից ներկրվել է եւս 80 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կշահագործվեն համապատասխան երթուղիներում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին քաղաքացիների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու եւ պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել հասարակական տրանսպորտի երթուղիներում առկա մեքենաքանակը եւ անհրաժեշտության դեպքում լրացնել այն:
Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման աշխատանքները, առաջիկայում կկատարվեն նաեւ փոսանորոգումներ: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրվել է 2012 թվականի շինարարության ծրագրով կապիտալ ասֆալտապատման աշխատանքների որակը: Պայմանավորվածության է ձեռք բերվել շինարարների կողմից տեղ գտած թերությունները հնարավորին սեղմ ժամկետում վերացնելու համար:
Բաց դիտահորերի կափարիչների պատվիրման եւ տեղադրման աշխատանքների ընթացքի հետ կապված` «Երեւան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթ պատվիրվել եւ տեղադրվել է 12 բաց դիտահորի կափարիչ:
Հանձնարարվել է նաեւ գույքագրել Երեւանի տարածքում գտնվող հնամաշ եւ վթարավտանգ համարվող էլեկտրասյուները եւ դրանց վերականգնման կամ փոխարինման հետ կապված առաջարկություններ ներկայացնել:




























