Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի մոտ ապագայում, հենց որ ապահովվի թռիչքների տեխնիկական լիարժեք անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ:

«Այո, օդանավակայանը կգործի: Այն կիրականացնի ուղեւորական տեղափոխումներ` դրանով իսկ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներից մեկը` տեղաշարժման ազատության իրավունքը: Սա քայլ է, սա Լեռնային Ղարաբաղի կառավարության բացառապես մարդասիրական որոշումն է: Եւ այն իր ժողովրդի համար նորմալ կենսագործունեության եւ իրավունքների ապահովման նպատակ է հետապնդում: Ես առիթ եմ ունեցել մատնանշել Լեռնային Ղարաբաղի կառավարության դիրքորոշումը ՄԱԿ-ում տարածած նամակի մեջ, որտեղ մենք մանրամասն նկարագրել ենք` ինչից ելնելով ենք բացում օդանավակայանը եւ ինչ նպատակներ ենք հետապնդում մենք այդ քայլով», - հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Հրաժարվելով հստակ ամսաթիվ նշել` Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը եզրափակիչ փուլ է մտել անցյալ տարվա վերջին: «Մեր նպատակը` ցանկացած տեսակի տեխնիկական վտանգների բացառումն է: Այսինքն մենք պետք է ուղեւորների համար ապահովենք առավելագույն անվտանգությունները, հաշվի առնելով Ստեփանակերտի օդանավակային լեռնային բարդ աէրոնավիգացիոն հանգամանքը: Դուք եղել եք Ղարաբաղսւմ եւ գիտեք, թե որտեղ է այն տեղակայված եւ բնական է, որ մենք զգայուն ենք աէրոնավիգացիոն անվտանգության հարցում: Երբ բոլոր պայմանները կապահովվեն, բնական է, որ օդանավակայանի նորմալ կենսագործունեությունը կվերականգնվի»,- ամփոփել է ԼՂՀ ԱԳ նախարարը: