«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը եւ  «Ինտեֆաքսը» «Օգոյնոկ» ամսագրի հետ կազմել են Ռուսաստանի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակը: Վարկանիշը գլխավորել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Երկրորդ տեղում է սոցիալական հարցերով փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, երրորդում` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: Չորրորդ եւ հինգերորդ տեղերն են զբաղեցրել տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նաբիուլինան եւ երգչուհի Ալլա Պուգաչյովան:

Վարկանիշը կազմվել է նաեւ առանձին անվանակարգերով: «Քաղաքականությունում» վերին հինգ հորիզոնականները զբաղեցրել են` Վալենտինա Մատվիենկոն. Օլգա Գոլոդեցը, Նատալյա Տիմակովան, Էլվիրա Նաբիուլինան եւ Լարիսա Բրիչեւան:   Սոցիալական բնագավառի հնգյակում առաջին տեղում է Սվետլանա Մեդվեդեւան, այնուհետեւ Չուլպան Խամատովան, Մշակութային նախաձեռնությունների բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Իրինա Պրոխորովան,  «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան եւ տնտեսագետ ու իրավապաշտպան Իրինա Յասինան:  

 «Բիզնես» անվանակարգում ամենաազդեցիկն է անվանվել «Տրանսաերո»-ի գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովան:  Երկրորդ տեղում է «Սբերբանկի» կառավարման նախագահի տեղակալ Բելա Զլատկիսը, երրորդ տեղում` «Կասպերսկիի լաբորոտորիայի» համահիմնադիր Նատալյա Կասպերսկայան:  Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են ֆիթնես ակումբների ցանցի նախագահ Օլգա Սլուցկերը եւ «Տրանսկրեդիտբանկի» տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Տատիանա Պարամոնովան:

«Մշակույթ» անվանակարգում ամենահեղինակավոր կանայք են ճանաչվել Ալլա Պուգաչովան եւ Զեմֆիրան, բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան, «Սովրեմեննիկի» գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը եւ գրող Լյուդմիլա Ուլիցկայան:   «Մեդիա» բնագավառում թոփ հնգյակում են հայտնվել «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը,  «ՌԵՆ ՏՎ»-ի հեռուստահաղորդավարուհի Մարիաննա Մաքսիմովսկայան, լրագող Քսենիա Սոբչակը,  «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեեւան եւ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: 

«Սպորտում» առաջին տեղում է գեղարվեստական մարմնամարզության  օլիմպիական  չեմպիոնուհի Ալինա Կաբաեւան: Այնուհետեւ հաջորդում են Գեղարվեստական մարմնամարզության համառուսական ֆեդերացիայի նախագահ Իրինա Վիները, թենիսիստուհի Մարիա Շարապովան, չմշկասահքի օլիմպիական չեմպիոնուհի Սվետլանա Ժուրովան եւ գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան: