Ստամբուլի Դոլմաբահչեյի պալատում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի միջեւ հանդիպում, որին զուգահետ ընթացել է երկու երկրների նախարարների հանդիպումը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ մարտի 4-ին, Ստամբուլում Թուրքիայի եւ Հունաստանի վարչապետների եւ նախարարների հանդիպումներից հետո ստորագրվել են տարբեր ոլորտների վերաբերող երկկողմ 25 համաձայնագիր։
Հանդիպումներից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, թե երկու երկրները որոշ հարցերում տեսակետների տարբերություն կարող են ունենալ, սակայն ժամանակն է Կիպրոսի հարցը պատմություն դարձնել։ Նա հիշեցրել է, թե Թուրքիան եւ Հունաստանը կարող են Կիպրոսի հարցի կարգավորման մեջ երաշխավորներ լինել։
Հունաստանի վարչապետն իր խոսքում ասել է, թե Թուրքիայի հետ տեսակետների տարբերություններ կան, սակայն երկկողմ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր են գործադրվում։ Անտոնիս Սամարասը նշել է, թե Կիպրոսի հարցի կարգավորումը տարածաշրջանի համար մեծ ներդրում կլինի։
Մամուլի ասուլիսից հետո երկու երկրների վարչապետները միասին ճաշել են։




























