Հայաստանի Սահմանադրական դատարան է ներկայացվել 16 էջից բաղկացած հայց` պահանջելով չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները եւ արձանագրել իրական արդյունքները: Այս մասին, այսօր` մարտի 4-ին, բաց երկնքի տակ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իրավական խորհրդատու Կարեն Մեժլումյանը` հավելելով, որ հայցը ներկայացվել է նախատեսված ժամկետներում եւ կքննարկվի 10 օրվա ընթացքում:
Նա նաեւ նշեց, որ հայցը կլսվի բանավոր. «Հայցում ներկայացված են բազմաթիվ ընտրախախտումների փաստեր, այդ թվում Ընտրական օրենսգրքի խախտումներ: Խախտումներ են արձանագրվել 128 ընտարտեղամասերում»:
Հարցին, թե վերջին 20 տարիներին նախագահի թեկնածուները բազմիցս դիմել են ՍԴ նման հայցերով, բայց միշտ մերժվել են, եւ այդ դեպքում ում վրա եք հույս դրել այս անգամ, Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն արձագանքեց, որ կան բոլոր իրավական հիմքերը արդար արդյունքի հասնելու համար: «Սա շանս է ՍԴ-ի համար, որպեսզի կայանա եւ որպեսզի ՍԴ անդամները մաքրեն իրենց անունը նախկինում կեղծված ընտրությունները լեգիտիմացնելուց: ՍԴ դիմելը չի խանգարի, որպեսզի զուգահեռաբար գնա նաեւ մեր պայքարը»,-ասաց նա:
Խուրշուդյանը նաեւ նշեց, որ ՍԴ դիմելով իրենք պահանջում են ճանաչել ժողովրդի հաղթանակը եւ Հայաստանի նախագահ հռչակել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հարցին, թե ինչ է լինելու, եթե ՍԴ-ն իրենց պահանջները սահմանադրական չճանաչի, Խուրշուդյանը պատասխանեց, որ դա կլինի հերթական հակասահմանադրական որոշումը:
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում ամենօրյա հանրահավաքներ անցկացնելու հեռանկարին, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել, Խուրշուդյանն ասաց, որ հանրահավաքները չեն լինի ամենօրյա, քանի որ Հովհաննիսյանը մտադիր է հանդիպումներ անցկացնել նաեւ մարզերում:




























