Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլեւ, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները եւ հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն հայտնեց համանախագահներին` կարեւոր եւ հետեւողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաեւ եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները:

ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: