Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մինչեւ հոկտեմբերին իր լիազորությունների ավարտը գործում է իր անձնական պատասխանատվությամբ, եւ նրա հայտարարությունները Վրաստանի կառավարության տեսակետը չեն արտահայտում: Այս մասին նշվում է Բիձինա Իվանիշվիլիի` այսօր` մարտի 4-ին  տարածված հայտարարության մեջ: Իվանիշվիլին կառավարության անունից ներողություն է խնդրում բարեկամ երկներից եւ միջազգային կազմակերպություններից` վերջին շրջանում նախագահ Սահակաշվիլիի կողմից արված հայտարարությունների համար:

«Վրաստանի  կառավարությունը շարունակում է ջանքերը` երկրի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման, երկրի ամբողջականության վերականգնման, տարածաշրջանում խաղաղության ապահովման համար: Մեր խնդիրը  ԵՄ եւ ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումն է, հարաբերությունների ամրապնդումը բարեկամ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի եւ Ուկրիանայի հետ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Միաժամանակ Վրաստանի նախագահի կողմից վերջին շրջանում արված անպատասխանատու գործողություններն ու հայտարարությունները հակասում են Վրաստանի կառավարության քաղաքական կուրսին, հարվածում երկրի միջազգային հեղինակությանը եւ լրացուցիչ արտաքին ու ներքին խնդիրներ են ստեղծում:

Անկեղծորեն ափսոսում եմ, որ այդ պատճառով անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել բարեկամական երկրների կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, եւ Վրաստանի կառավարության անունից ներողություն եմ խնդրում»,-հաղորդում է  «Գրուզիա Online»-ը: