Շվեյցարիայի իշխանությունները չեն քննարկի Կահիրեին աջակցելու հարցը` շվեյցարական բանկերում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա մտերիմների արգելափակված հաշիվները վերադարձնելու վերաբերյալ` մինչեւ Եգիպտոսի նոր խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Հունվարին Բեռնը սկզբունքորեն համաձայնել է օգնել Եգիպտոսին` վերադարձնել մոտ 700 մլն շվեյցարական ֆրանկ գումարը, որոնք Մուբարաքը, նրա ընտանիքի անդամները եւ մերձավոր պաշտոնյաներն ունեն Շվեյցարական բանկերում:
Շվեյցարիայի ֆինանսական իշխանությունների ներկայացուցչի խոսքով` Դաշնային բյուրոն Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ համատեղ կհետեւի Եգիպտոսում առկա իրավիճակին եւ կտա իր եզրակացությունը Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կսկսվեն ապրիլի 22-ին եւ կտեւեն մինչեւ հունիսի 24-ը:




























