Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարի անդամներն ուղերձով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, վարչապետ Տ.Սարգսյանին, որտեղ առաջարկել են բարձրացնել քաղծառայողների բազային աշխատավարձը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մենք` Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարի պատվիրակներս, մեր ճյուղի 16159 արհմիության անդամների անունից դիմում ենք Ձեզ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի  բարձրացման հարցով:

Համագումարը մտահոգություն է հայտնում, որ ավելի քան  5 տարի է, ինչ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափը մնում է անփոփոխ եւ փաստորեն չի ապահովվում քաղաքացիական ծառայողի եւ նրա ընտանիքի բավարար կենսամակարդակը, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34 հոդվածով: 

Խնդիրն առավել  սուր է այն քաղաքացիական ծառայողների համար, ովքեր հանդիսանում են ընտանիքի միակ կամ հիմնական աշխատողը:

Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության եւ վարձատրության համակարգի վերաբերյալ» 2012 թվականի զեկույցի` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր աշխատավարձ են ստանում 7462 քաղաքացիական ծառայողների շուրջ 6.4 տոկոսը կամ 470 մարդ:

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարը անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը եւ հույս է հայտնում, որ անհապաղ  միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը   բարձրացնելու ուղղությամբ»: