ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր  ընդունեց Իրաքի Հանրապետության առողջապահության փոխնախարար  Սաթար Ջաբար Արեմշի գլխավորած պատվիրակությանը, News.am-ին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Իրաքի հետ հարաբերությունների խորացումը: Նա նկատեց, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի  փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, իսկ նոյեմբերին Բաղդադում կայացած միջկառավարական հանձնաժողովի  առաջին նիստը նոր թափ հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Ուրախ եմ, որ  այդ փոխայցելությունների եւ համագործակցության արդյունքներն արդեն նկատելի են: Հուսով եմ, որ  այս այցի ընթացքում կհաջողվի  առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ստեղծել»,-նշեց Ա. Գեւորգյանը:

Փոխվարչապետը նաեւ ՀՀ կառավարության անունից հավաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստակամ է աջակցել Իրաքի առողջապահական համակարգի զարգացման ու արդիականացման աշխատանքներին: Նա նաեւ տեղեկացրեց, որ  վերջին շաբաթների ընթացքում  ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել  Իրաքի հետ տարբեր ոլորտներում  համագործակցության մասին  համաձայնագրերի կնքման առաջարկությունները, եւ  այդ փաստաթղթերի ստորագրումն էապես  կնպաստի  գործակցության խորացմանը:

Հյուրերը նշեցին, որ Իրաքի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում  առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ իրաքյան կողմը հետաքրքրված է  Հայաստանի հետ  բազմակողմ համագործակցությամբ` թե դեղագործական, թե բուժական, թե  բժշկական կրթության բնագավառներում: