Միլանում ընթացող դատաքննության ժամանակ կարդացել են երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ մեղադրական եզրակացությունը: Դատախազ Անտոնիո Սանջերմանոյի խոսքով` Միլանում գտնվող Բեռլուսկոնիի ամառանոցը այն վայրն է, որտեղ հարստությունն ու իշխանությունն օգտագործվել են սեռական բնույթի ծառայություններ ստանալու նպատակով: Ամառանոցում էրոտիկ պարեր են ներկայացվել, իսկ հյուրերն ու հրավիրված երիտասարդ աղջիկները սեքսով են զբաղվել:
Սիլվիո Բեռլուսկոնին հրեքում է, որ սեքսով է զբաղվել մարոկկացի անչափահաս պարուհի Մահրուգի հետ, ով հայտնի է նաեւ «Ռուբի, սրտեր գողացող» մականունով: Բեռլուսկոնին հերքում է նաեւ, որ օգտագործել է իր կապերը, որպեսզի ազատ արձակի աղջկան ոստիկանությունից: Մահրուգը նույնպես պնդում է, որ սեռական հարաբերություն չի ունեցել Բեռլուսկոնիի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի նախկին վարչապետը հայտարարել է, որ իրեն զարմացնում է, թե ինչպիսի «երեւակայությամբ» է դատախազը նկարագրում իր կազմակերպած ընթրիքները: «Իմ բախտը բերել է, գուցե շատ արժանիորեն, եւ ես երբեք չեմ վճարել սեռական հարաբերությունների համար: Հնարավոր է, դատախազի բախտը այդքան չի բերել կյանքում, եւ ինքը դատում է իրենով, երբ իմ դեմ մեղադրանքն է հրապարակում»,-ասել է Բեռլուսկոնին:
Եթե Բեռլուսկոնին մեղավոր ճանաչվի, նրա պատժաչափը կհրապարակվի մարտի 8-ին:
Բացի այդ, Բեռլուսկոնին արդեն մեղավոր է ճանաչվել մեկ այլ գործով` իրեն պատկանող Mediaset մեդիաընկերությունում ֆինանսական մեքենայությունների մեջ: Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման եւ արգելվել է 5 տարի պետական պաշտոններ զբաղեցնել: Այս վճիռն ուժի մեջ կմտնի վերաքննիչ բողոքը քննարկելուց հետո:




























