Բարաք Օբամայի կողմից Կիմ Չեն Ընին զանգահարելու հարցը չի քննարկվում, հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Ըստ նրա՝ Օբաման չի կատարի Հյուսիսային Կորեայի առաջնորդի խնդրանքը, քանի որ «Միացյալ նահանգները ԿԺԴՀ-ի հետ կապի անմիջական ուղիներ չունի»:
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը նաեւ Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ է արել «վերնախավին զբաղեցնող հայտնի մարզիկների» հրավերների համար միջոցներ վատնելու փոխարեն մտածել սեփական ժողովրդի բարեկեցության մասին: Քարնին նշել է, որ Փհենյանը շարունակում է բացահայտ խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ սպառնալ միջազգային անվտանգությանը, գրում է lenta.ru-ն:
Փետրվարի վերջին Հյուսիսային Կորեա այցելած նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը մարտի 3-ին հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը Օբամային խնդրել է զանգահարել իրեն: Ըստ Ռոդմանի՝ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի հետ պատերազմ չի ցանկանում, այլ միայն մեկ բան է ուզում՝ որ Օբաման զանգահարի իրեն:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն Դենիս Ռոդմանը ԿԺԴՀ էր այցելել HBO հեռուստաալիքի Vice հեռուստաշոուի նկարահանման շրջանակում: Այցից հետո, որի ընթացքում Կիմ Չեն Ընի հետ միասին բասկետբոլային հանդիպում էին դիտել, մարզիկը Կիմ Չեն Ընին հրավիրել էր ԱՄՆ:
Ռոդմանի այցից հետո ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ բասկետբոլիստը ԿԺԴՀ է այցելել որպես մասնավոր անձ եւ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման հետ կապ չունի:




























