Պեկինում մարտի 5-ին բացվել է Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների նիստը, որը կտեւի երկու շաբաթ: Ժողովին մասնակցում են մոտ երեք հազար պատվիրակներ, որոնց մեծամասնությունը Կոմունիստական կուսակցության անդամներ են: Պատվիրակների մեջ կան զինվորականներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործարարներ:
Ժողովի պատվիրակները պետք է հաստատեն ՉԺՀ նոր նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ վարչապետի եւ փոխվարչապետի թեկնածությունները եւ կառավարության անձնակազմը: Պատգամավորները նաեւ պետք է քննարկեն վարչական բարեփոխումների ծրագրերը: Ակնկալվում է, որ նիստի ավարտին հանրապետության նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի Սի Ցզինպինը, իսկ վարչապետ կնշանակվի Լի Կեցյանը, հաղորդում է «Սինհուան»:
Նիստի բացմանը ՉԺՀ գործող վարչապետ Վեն Ցզյաբաոն հաշվետվություն է ներկայացրել կառավարության անցյալ տարվա կատարած աշխատանքի վերաբերյալ եւ ներկայացրել է իշխանությունների ծրագրերն ապագայի համար: Նա նոր տարվա համար խոստացել է 7,5 տոկոս տնտեսական աճ եւ քաղաքներում ավելի քան ինը միլիոն աշխատատեղերի ստեղծում:
Հիշեցնենք, որ Սի Ցզինպինը 2012 թվականի նոյեմբերին ընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար: Սի Ցզիպինի հետ կուսակցության Կենտկոմի անձնակազմի թարմացման արդյունքում նրա անդամ է դարձել նաեւ Լի Կեցյանը: Նրանք կցվել են չինական ղեկավարության այսպես կոչված «հինգերորդ սերնդին», որոնք պետք է երկիրը ղեկավարեն մոտակա տասը տարիներին:




























