Ընտրությունները պետք է լինեին ավելի ազատ եւ արդար, եւ սա կարելի է Հայաստանի համար համարել կորցրած հնարավորություն: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ներկայացնելով հետընտրական զարգացումների վերաբերյալ իր վերլուծությունները եւ անդրադառնալով երեք խնդիրների՝  նախընտրական շրջան, ընտրությունների նշանակությունը եւ երրորդը՝ ներկա իրավիճակը:

Անդրադառնալով նախընտրական շրջանին՝  Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ  կար մրցակցության պակաս: Նա շեշտեց, որ իրականում ոչ մի կասկած չկար ընտրությունների արդյունքների վերաբերյալ, եւ սրանք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենա ոչմրցակցային ընտրություններն էին: Ռիչար Կիրակոսյանն ասաց, որ  նախընտրական շրջանում մրցակցության պակասն ընտրության օրը դարձրավ շատ կարեւոր:

Ըստ նրա` որ փետրվարի 18-ին  հաջորդած յուրաքանչյուր օրվա ըթնացքում տեսանք կեղծումների եւ խախտումների ավելի մեծ ապացույցներ:  Մրցակցության եւ նախընտրական շրջանի առումով նա կարեւորեց նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման կարողությունը: Նախընտրական շրջանի հաջորդ տարրն այն էր, որ իրական մարտահրավերը թաքնված էր հասարակության շրջանում ընտրությունների հանդեպ վստահության խորը պակասի մեջ:

Անդրադառնալով ընտրությունների նշանակությանը՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանում գոյություն ունի խորը դժգոհություն: Նրա խոսքով՝  Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների որոշ մասը ոչ թե անձամբ իրենն էին, այլ Սերժ Սարգսյանից դժգոհության արտահայտություն էր:  «Այստեղ քաղաքական ուրվականներ եւ  քաղաքական դիակներ կային. քաղաքական ուրվականը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ քաղաքական դիակը՝ ԲՀԿ-ն:  Այստեղ մենք տեսանք ԲՀԿ-ի ուժի թուլացման հաստատումը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը վերածվել է  քաղաքական ուրվականի եւ ավելի քիչ է ակտիվ քաղաքական կյանքում: Մյուս հետաքրքիր դիտարկումն այն է, որ ընդդիմությունն սկսեց միավորվել ընտրություններից հետո, ոչ թե ընտրություններից առաջ»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը: