Հետընտրական իրավիճակը կարելի է անվանել վստահության ճգնաժամ, իշխանության եւ ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով ընդդիմության եւ իշխանության առջեւ կանգնած մարտահրավերները:

Նրա խոսքով՝ ընդդիմության համար ամենամեծ մարտահրավերը մղումն ամրապնդելը եւ նախաձեռնությունը չկորցնելն է: Երկրորդ մարտահրավերը՝ ներկայացնել հստակ ռազմավարություն եւ հստակ նպատակներ: «Եկեք անկեղծ լինենք, մինչեւ այժմ չգիտենք՝ արդոք ընդդիմությունն ունի՞ կոնկրետ ռազմավարություն կամ նախագիծ:  Շատ դեպքերում ընդդիմություն ասելով չենք հասկանում միայն Րաֆֆի Հովհաննիսյան, դա չի վերաբերում միայն ընտրություններին, ավելի խոր դժգոհության արդյունք է»,- նշեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ երբ քիչ հայեր են օգուտ ստանում ստեղծված իրավիճակից, երեքից մեկը աղքատության մեջ է,  հարուստներն ավելի են հարստանում, ապա  ժողովրդի մեծամասնության մոտ դժգոհությունը մեծանում է: 

Նա նշեց, որ թվում է, թե իշխանությունները չեն հասկանում դժգոհության աստիճանը եւ նրանց համար հիմնական մարտահրավերը քաղաքական կոնսենսուսի կառուցումն է: «Իշխանություններն իրենք իրենց  վատ իրադրության մեջ են դնում՝ հեռուստատեսությունում ներկայացնելով  օգտագործված ուժերին՝ Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան: Արդյոք նրա՞նք են այն դեմքերը, որ պետք է ներկայացնեն իշխանությանը, կամ Սերժ Սարգսյանի համար երգող Շուշան Պետրոսյանը, եթե սա է արձագանքը, ապա դա իրենց վնասում է»,- նշեց նա:

Կիրակոսյանը ուշադրությունը հրավիրեց Րաֆֆի Հովաննիսյանի մարտավարության վրա՝ շեշտելով, որ նա առաջին գործիչն է, ով լքեց Երեւանը եւ գնաց մարզեր: «Սա ռազմավարական նշանակություն ուներ այն առումով, որ գնաց այնտեղ, որտեղ վայելում էր մեծ աջակցություն՝ Գյումրի, Վանաձոր: Սա նաեւ արժանահիշատակ է այն առումով, որ երկար ժամանակ մարզերը անտեսվում էին  եւ նախապատվությունը տրվում էր Երեւանին: Մեկ այլ անակնկալ էր ընդիմության միավորման փորձերն ընտրությունից հետո, երբ մի շատ անակնկալ խումբ է  հավաքվում Հովհաննիսյանի հետեւում՝ Արմեն  Ռուստամյանը եւ ՀՅԴ-ն, Նիկոլ Փաշինյանը եւ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն է մարտահրավեր նետում եւ չի համաձայնում ընտրության արդյունքներին»,- նշեց նա:

Մյուս «անակնկալը» ուսանողական դժգոհություններն եւ դասադուլներն են, ինչը ցույց է  տալիս դժգոհության այն մակարդակը, որն առկա է: «Նույնիսկ իշխանությունների համար օգտակար է ունենալ առողջ, մաքուր, իրական, բայց կառուցողական ընդդիմություն: Իրական ասելով նկատի չունեմ ԲՀԿ-ին եւ նույնիսկ անցյալում ՀՅԴ-ին, ակտիվ ընդդիմությունը լավ է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ իշխանությունների համար, բայց եւս մեկ անգամ խնդիրն այն է, թե ինչ անել հետագայում»,- նշեց նա: