Ողջ աշխարհում մոտ 2-3 մլն զույգեր տառապում են անպտղությամբ: Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները: Այդ մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի բաժնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի տնօրեն Սեւադա Հակոբյանը:

«Մոտ 30-40 մլն մարդ բախվում են անպտղության խնդրին: Ողջ աշխարհում տղամարդկանց մոտ 7 տոկոսն ամուլ է»,- նշել է սեքսապաթոլոգը: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում աճում է տղամարդկանց ամլությանը, իսկ ներկայումս անպտղության կառուցվածքում աճել է տղամարդու պատասխանատվությունը: «Եթե նախկինում մեղավորը կինն էր համարվում, եւ միայն նա էր բժշկական հետազոտություն անցնում, ներկայումս տղամարդիկ եւս իրենց պատասխանատու են զգում եւ համապատասխան բուժզննում անցնում»,- ասել է բժիշկը` հավելելով, որ երբ երկուսն էլ դիմում են բժշկի, արդյունավետությունը մեծանում է:

«Ընդհանուր առմամբ, անպտղության բուժման արդյունավետությունը բարձր չէ` 30-40 տոկոս: Բա բացատրվում է նրանով, որ հիվանդությունն ուշ է ախտորոշվում»,- ասել է Սեւադա Հակոբյանը: