Միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Ադրբեջանը կործանի Լեռնային Ղարաբաղ ուղեւորված քաղաքացիական ինքնաթիռները: Այդ մասին այսօր՝ մարտի 5-ի մամուլի ասուլիսում նշել է բուլղարացի հայտնի լրագրող, փաստագրագետ Ցվետանա Պասկալեւան:
«Ես այնքան ուրախ եմ օդանավակայանի հնարավոր վերաբացման առթիվ», - նշել է նա՝ հավելելով, որ հիանալի հիշում է, թե ինչպիսին էր օդանավակայանը, երբ 1991-ի մայիսին առաջին անգամ եկավ Լեռնային Ղարաբաղ: Խոսելով նոր շենքի մասին՝ հեռուստալրագրողը նկատել է, որ շենքը շատ գեղեցիկ է: «Ասես թռիչք խորհրդանշող թեւեր լինի: Ասես պատրաստվում է գրկաբաց դիմավորել»: Ցվետանա Պասկալեւան հույս է հայտնել, որ օդանավակայանը շուտով կբացվի, դրա համար ավելի շատ քաղաքական ակտիվություն եւ կամք է հարկավոր:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները կործանելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա Ցվետանա Պասկալեւան նշել է, որ «նման սարսափելի սադրանք չի կարող լինել»: Հեռուստալրագրողը կարծում է, որ միջազգային հանրությունը դա թույլ չի տա:
Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը Ադրբեջանում շարունակում է մնալ թիվ մեկ թեման: Այդ երկրի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս Ստեփանակերտ թռչող օդանավերը «կործանելու» սպառնալիքներով: Ճիշտ է, վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը նշել էր, որ «Բաքուն Հայաստանին թույլ չի տա քաղաքացիական ավիացիայի անօրինական թռիչքներ իրականացնել «օկուպացված» Լեռնային Ղարաբաղի օդային տարածքով, սակայն դա կանի առանց ռազմական միջոցների կիրառման»:




























