Շվեյցարական հնագույն Wegelin & Co. բանկն ԱՄՆ-ին 74 միլիոն դոլար կվճարի: Հունվարին բանկը մեղավոր էր ճանաչվել իր ամերիկացի հաճախորդների հարկերից խուսափելն անուշադրության մատնելու համար: Ընդ որում, ԱՄՆ-ում գրասենյակներ եւ մասնաճյուղեր չունեցող Wegelin-ի ներկայացուցիչները կարծել են, որ պատժից կհաջողվի խուսափել:

Բանկի վճարելիք ընդհանուր գումարից 22 միլիոնը քրեական գործի շրջանակում սահմանված տուգանքն է: Եվս 15,8 միլիոն է գնահատվել Wegelin & Co.-ի եկամուտը՝ ստացված ԱՄՆ-ի քաղաքացիներին հարկերը վճարելուց խուսափելու համար օգնությունից: Ընդ որում, ամերիկյան գանձարան չվճարված գումարը կազմում է  20 միլիոն դոլար: Բանկն անմիջականորեն ԱՄՆ-ի կառավարությանը կվճարի նաեւ  16,3 միլիոն դոլար, հայտնում է Banki.ru-ն:

Մանհեթենի դատախազությունը բանկին մեղադրանք էր ներկայացրել 2012թ. փետրվարին: 1741թ. հիմնադրված Wegelin-ը ամերիկյան իշխանությունների հետ բոլոր իրավական հարցերը կարգավորելուց հետո վերջնականապես կփակվի: