Բուլղարացի հայտնի լրագրող-փաստագրագետ Ցվետանա Պասկալեւայի Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական ֆիլմերը կցուցադրվեն Ավստրալիայում:

Ցվետանա Պասկալեւան այսօր՝ մարտի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ ֆիլմերը կցուցադրվեն մայիսին Սիդնեյում: Նա հայտնել է, որ նախորդ տարվանից սկսված միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտությանը ծանոթացնելու ծրագրի շրջանակում դրանք ներկայացվել էին մի քանի երկրներում՝ Բուլղարիայում, Հունաստանում, կիպրոսում, Ֆրանսիայում, Չեխիայում, Լիբանանում: Հեռուստալրագրողը հատուկ առանձնացրել է Ֆրանսիայի Սենատի հանդիպումը, որտեղ ֆրանսիական կողմի խնդրանքով ցուցադրվել էր «ոչ ամենադրամատիկ ֆիլմը», այն է՝ «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը, որը պատմում է շրջափակման մասին, այն մասին, թե անմարդկային պայմաններում հայտնված Ղարաբաղի բնակիչներն  ինչու ստիպված եղան պաշտպանել իրենց կյանքն ու ազատությունը:

Ներկաների շարքում է եղել ադրբեջանամետ խորհրդարանական Նատալի Գուլեն: Ըստ Գուլեի՝  հակամարտությունները նման լինելու հատկություն ունեն, եւ Լեռնային Ղարաբաղում արձանագրված կադրերը համարժեք են այլ հակամարտություններում հանդիպողներին: «Ի պատասխան ես հիշեցրել էի, որ միայն նախորդ տարի տարբեր «թեժ գծերում» զոհվել էր 292 լրագրող: Նրանք իրենց կյանքն են զոհել աշխարհին ճշմարտությունը հասցնելու համար: Իսկ  դուք՝ քաղաքական գործիչներդ, ի՞նչ եք անում այդ ճշմարտության հետ:  Մարդկային կյանքից արժեքավոր ոչինչ չկա: Ոչ խավիարը, ոչ նավթը չեն կարող գնել խիղճը», - նշել է  Պասկալեւան:  Նատալի Գուլեն հետագա պատճառաբանություններ չի կարողացել գտնել: