Մոսկվայի ռեստորանում սպանություն է կատարվել:  Լրատվամիջոցները հայտնում են, որ սպանվածն Ադրբեջանից էր, ներկայանում էր որպես բանակի սպա: Իրավապահ մարմիններում սպանվածի մասին հակասական են արտահայտվում՝ «հայտնի հարցեր լուծող» եւ շորթող խաբեբա: 

Դիպուկահարը 45-ամյա Ադիլ Նազիմօղլի Մահմուդովին կրակել էր Ռոգոժսկոյե Վալուի N 19 հասցեի«Զակարպատսկիե ուզորի» ռեստորանում ընթրելիս: Տուժածը գլխի հրազենային վերքից տեղում մահացել էր:

Ուժային կառույցներում պարզաբանել են, որ սպանվածն ազդեցիկ  «հարց լուծող» է եղել: Մինչդեռ մեկ այլ աղբյուր հայտնել է, որ սպանված ադրբեջանցին «բազմիցս իրավապահ մարմինների տեսադաշտում է հայտնվել շորթման եւ խաբեբայության կասկածանքով»: Հայտնի է, որ նա գործել է ուժային գերատեսչությունների աշխատակցի անվան տակ եւ գործածել է կեղծ փաստաթղթեր:  Նրա մոտ հայտնաբերվել է Զինված ուժերի գնդապետի վկայական, գրում է NEWSru.com-ը:

Հաղորդվում է, որ հանցագործն իր զոհին հաստատության մուտքի մոտ չի սպասել, այլ անմիջապես ճաշասրահ է գնացել եւ տուժածին կրակել ընթրիքի ժամանակ:  Այնուհետեւ մարդասպանն անարգել լքել է ռեստորանը եւ թաքնվել: Մարդասպանը եւս կովկասցու արտաքին է ունեցել: