Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 85-ամյա Հ.Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կ.Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կ.Նավասարդյանը, օգտվելով Հ.Ծատուրյանի միայնակ բնակվելու եւ տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել գլխին, այնուհետեւ` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով եւ ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը եւ պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետեւանքով Հ.Ծատուրյանը տեղում մահացել է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 01.03.2013թ. դատավճռով Կ.Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտվել ազատազրկման` 14 տարի ժամկետով:




























