Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որ ԱԺ խմբակցությունների հետ սկսված խորհրդակցությունները ձախողվել են, ինչպես նշել են «Ժառանգության» անդամները:
«Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել եւս` ձախողված չեն»,-այսօր` մարտի 5-ին, Եռաբլուրում Yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ իրենք բազմիցս են ասել, որ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները:
Նա ընդգծել է, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է եւ, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ քննարկել կամ բանակցել:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է նաեւ, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները:




























