ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ այլ ուժերի հետ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներն ուղղված են համազգային մարտակոչն ընդունելուն: Այդ մասին Հովհաննիսյանը հայտարարել է Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում:

«Վերջին շրջանում հանդիպումներ եմ ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Սարդարապատի» հետ: Երբ ՀԱԿ-ն իր ղեկավարությամբ հանդերձ պատրաստ լինի, կողջունեմ նաեւ հանդիպումները ՀԱԿ-ի հետ: Այս հանդիպումներն ուղղված են համազգային մարտակոչն ընդունելու համար»,- նշել է Հովհաննիսյանն ու հավելել. «Հնարավորություն ենք տալիս, որ ամենն ինքնամաքրվեն: Նոր Հայաստանում բոլորն այդ հնարավորությունը պիտի ունենան, ինքնամաքրվելու, նաեւ մասնակցելու համազգային ճգնաժամի հաղթահարմանը: Բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չկա, միեւնույն խոսքն է, ժողովուրդը կերտել է սահմանադրական իր իշխանությունը, որը կորցրել է 96 թվականից այս կողմ»:

Նախկին թեկնածուի խոսքով` այս անգամ ոչ մի նահանջ չի լինելու: «Ինձ երիտասարդ հանրապետականը նկատողություն արեց, թե ռուսերեն բառեր եմ օգտագործում: Ընդունում եմ քննադատությունը, եթե «զադնին» չես հասկանում, ոչ մի նահանջ չի լինելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե իրենք նամակով հրավիրեցին երեք պաշտոնյաների (նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին-խմբ.), բայց նրանք չեկան: «Իրենք չուզեցին ժողովրդի հայացքը կիսել եւ հաշվետվություն ներկայացնել: Ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրելու: Իրենք գիտեին, որ եթե հրավիրեին, ոտքով կգնայի, կներկայացնեի ժողովրդի  պահանջը: Մենք խոսքով անելիք չունենք, մերը անելիքն է: Մենք չենք թուլանալու, ոչ ձյուն, եղանակի փոխոխություն մեզ չի շեղելու այս ճանապարհից»,- ասել է նա:

Իսկ վաղվանից Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ մեկնելու է մարզեր: Մարտի 6-ին նա լինելու է Տավուշի մարզում` ժամը 11-ին Դիլիջանում, 13-ին, Իջեւան՝ 15.30-ին Նոյեմբերյան, 18.30-ին՝ Բերդում: Մարտի 7-ին` առավոտյան հանդիպելու է Գերմանիայի Բուդեսթագի փոխնախագահի հետ: «Հետո ժամը 11-ին Թալին, 12:30-ին` Արթիկ, 14:00 Գյումրի, 16::00 Վանաձոր, 17:30 Սպիտակ, 18:30 Ապարան»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ մարտի 8-ին տոնական հավաք են անելու Ազատության հրապարակում` ողջունելու կանանց, մայրերին ու աղջիկներին:

«Վերջում, ով իմ խոսքերի մեջ ծրագիր չի տեսնում, ուզում է չարախոս լինել, հեգնանքով խոսել, ինքը տեսնելու է ծրագիր, եթե չի տեսնում, մարտի 10-ին, կիրակի օրը, ժամը 5-ին, այդ ծրագրի բեկումը կտեսնի», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am