Ադրբեջանում արձագանքը սարսափելի է եւ խիստ մտահոգիչ, «Թուրանի» հետ հարցազրույցում հայտարարել է Ժիրայր Լիպարիտյանը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը` մեկնաբանելով իրադարձությունները ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի շուրջ, որի «Քարե երազներ» վեպը դարձել է հարձակումների թիրախ եւ հրապարակայնորեն այրվել:
«Քանի որ ես չեմ կարդացել Աքրամ Այլիսլիի վեպը եւ ծանոթ եմ միայն մամուլի հրապարակումներից, ցանկանում եմ զգույշ լինել իմ գնահատականներում: Արձագանքն Ադրբեջանում սարսափելի է եւ շատ մտահոգիչ: Պարադոքսալ է, որ նրանք, ովքեր գրողին քննադատում են ադրբեջանցիներին մեղսագրվող դաժանությունների համար, իրենք այդպիսի սարսափելի պատիժներ են առաջարկում, ինչպես ականջը կտրելը: Նույն այդ դասը կամ կառավարությունը հերոս դարձրին ադրբեջանցի սպային, ով ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ սպանել էր հայ սպային:
Այդ երկու փաստերը, մեկ հորինված, մյուսը` իրական, հանցագործություն են ըստ էության: Հանուն ժխտման, թե ադրբեջանցիները կարող են նման գործողություններ կատարել, որոշ անձինք, ցավոք նրանց թվում նաեւ նախագահը, պարգեւատրում են նման ակտեր կատարածներին եւ պատժում դրանք բացահայտողներին:
Ոչ մի գիրք, պատմվածք կամ գործողություն իրենք իրենցով խաղաղության չեն հանգեցնի: Բայց կարեւոր է, որ երկու հասարակությունները նպաստեին մյուս կողմի հումանիզացիային: Պարոն Այլիսլիի աշխատանքը, թերեւս, քայլ էր այդ ուղղությամբ»,- նշել է Լիպարիտյանը:




























