Մեր երկարատեւ պայքարում կոնկրետ փուլային հաղթանակներ ապահովելու համար, մեզ անհրաժեշտ է ընդդիմադիր շարժումը համակարգող կառույց ստեղծել: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ նման կառույցները պետք է ստեղծվեն երկրի մարզերում:
Ըստ Ռուստամյանի` ընդդիմության հաղթանակին պետք է հասնել կոնկրետ փուլային հաղթանակների շնորհիվ, որոնց շարքում առանցքային տեղ պետք է զբաղեցնի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակը:
ՀՅԴ անդամը նշեց, որ ներկա պահին անհրաժեշտ է կոնկրետացնել մի քանի փաստեր, ինչն անհրաժեշտ է պայքարի հետագա ծավալման համար: Նրա կարծիքով` դա յան է, որ «Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում բավարարել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն` ուղղված հետընտրական ներքաղաքական լարվածությունը թուլացնելուն»:
«Միայն հզոր ընդդիմադիր շարժումը, դառնալով վճռորոշ քաղաքական գործոն, կստիպի այս իշխանություններին հրաժարական տալ: Մեր վերջնական նպատակն է հասնել իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն եւ մենք պետք է հասնենք այդ նպատակին` այդ շարժումը զարգացնելով»,-նշեց Ռուստամյանը:




























