Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ողջունում է Ռուսաստանի որոշումը` Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ, սակայն նա նշել է, որ վիզային ռեժիմը հանելն անհնար է` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:
Ավելի վաղ, մարտի 5-ի առաջովյան, Վրաստանի վարչապետի` ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ է սկսել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մեղմացնելու հարցով եւ որ այդ հարցով առաջընթաց է սպասվում ամռանը:
«Ես շատ դրական եմ գնահատում, որ վիզային ռեժիմի որոշակի մասը Ռուսաստանը կմեղմացնի: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ իրատեսական չէ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելը, երբ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Դա, իհարկե, ունի դիվանագիտական բացատրություն»,-հայտարարել է Փանջիկիձեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է մտցրել 2000 թվականի դեկտեմբերից: 2008-ին երկու երկրների միջեւ դադարեցվել են դիվանագիտական հարաբերությունները, որի պատճառով Վրաստանի քաղաքացիները ՌԴ վիզա են ստանում Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը:
Միաժամանակ, Վրաստանը 2012-ի փետրվարի 29-ին միակողմանիորեն հանել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար:




























