Բրիտանաիայում գտել են մի դպրոց, որտեղ ոչ մի աշակերտ անգլերեն չի խոսում: Առնվազն, նրանց համար անգլերենը մայրենի լեզու չէ: Աշակերտները հիմնականում Պակիստանից են, կան նաեւ Աֆղանստանից, Լատվիայից եւ Լիտվայից եկածներ: Ու թեեւ աշակերտների եւ ուսուցիչների միջեւ առկա լեզվական արգելքին, կրթության չափանիշների դեպարտամենտը բարձր է գնահատել այդ դպրոցը, հաղորդում է Telegraph-ը:
Փիթերբորո քաղաքի Գլեդսթոուն տարրական դպրոցում սովորում է 440 երեխա: Ուսուցիչները ոչ մի խնդիր չեն տեսնում նրանում, որ դասերն անցկացվում են անգլերենով, իսկ երեխաները միմյանց հետ եւ տանը շփվում են այլ լեզուներով:
Պաշտոնական վիճակագրությունը հայտնում է, որ այդ դպրոցի 358 աշակերտները խոսում են փենջաբի եւ փուշտու լեզուներով (այս լեզուները Բրիտանիայում ամենատարածված 5 լեզուների մեջ են մտնում): 23 աշակերտ խոսում է դարի լեզվով (աֆղանա-պարսկական լեզու է), 11 երեխա` լատիշերեն, 15-ը` լիտվերեն: Դպրոցում կան նաեւ եւս 16 ոչ մեծ լեզվական խմբերի ներկայացուցիչներ:
Դպրոցի տնօրենի խոսքով` ուսուցիչները փորձում են երեխաներին անգլերեն սովորեցնել եւ անգլերենով շփվելը սովորույթ դարձնել:




























