Թուրքիայի 46 նահանգներում իրականացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության վարկանիշը իջել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական Gezici հետազոտական կենտրոնի կողմից Թուրքիայի 46 նահանգներում 9 հազար 272 հոգու շրջանում կատարած սոցհարցման արդյունքում «այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լիներ, ո՞ր ուժի օգտին կքվեարկեք» հարցին 38,6 տոկոսը պատասխանել է «Արադարություն եւ զարգացում», 28 տոկոսը՝ «Ժողովրդա-հանրապետական», 18,2 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» եւ 8,1 տոկոսը՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։
«Եթե այսօր լիներ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր ուժի օգտին կքվեարկեք» հարցին 43 տոկոսն է նշել իշխող կուսակցության անունը, երբ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցությունը հավաքել է մոտ 50 տոկոս ձայն։
Թուրքիայի արեւելքում եւ հարավ-արեւելքում (հիմնականում քրդաբնակ-խմբ) իշխող կուսակցության քվեները խիստ պակասել են եւ ավելացել են քրդական կուսակցության քվեները։




























