Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանդիպել եւ Սերժ Սարգսյանի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ մասին նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է տավուշի մարզկենտրոն Իջեւանի բնակիչների հետ հանդիպմանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ հետ, ով դե-ֆակտո զբաղեցնում է այդ պաշտոնը մինչեւ ապրիլի 9-ը: Նստավայրում, որը պատկանում է ժողովրդին: Ես արդեն հայտարարել եմ իմ պատրաստակամության մասին, եւ ես պատրաստ եմ»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նույնկերպ պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Ինչ վերաբերում է ՀՅԴաշնակցության եւ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նրա խոսքով, գլխավոր թեման եղել է «օրենքի գերակայությունը»: «Յուրաքանչյուրը կարող է կանգնել մեր կողքին, եթե վերանայի անցած ուղին եւ իր համար որոշի` ընտրությունները կեղծված էին, թե ոչ: Խոսակցությունն ուղիղ է, ես ինչ ասում եմ մարդկանց, ասում եմ նաեւ մասնավոր զրույցներում»,- նշել է նա:
Արձագանքելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կտրուկ հայտարարությանն իր մասին («Ո՞վ է նա, որ նրա պահանջով հրաժարական տամ»), Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե պահանջը բխում է ոչ թե իրենից, այլ Սյունիքի մարզի ողջ բնակչությունից:




























