Հանրապետության Հրապարակում գտնվող ԱԳՆ շենք վաճառքի գործարքի փաստաթղթերից չի ստորագրվել «պահպանման պարտավորագիրը», ինչը կերաշխավորեր, որ «չի փոխվի ու աղճատվի կառույցը»: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, ասուլիսում ահազանգել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Հիշեցնենք, որ ճարտարապետները նախօրեին բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին եւ վարչապետին` կոչ անելով չեղյալ համարել եւ «անհապաղ կասեցնել» Կառավարական 2-րդ մասնաշենքի (ԱԳՆ) աճուրդի գործընթացը:

«Խնդիրները չեն սկսել ու չեն ավարտվելու այս շենքով,  խնդիրն այն է, որ հուշարձանների պահպանման օրենքով հստակ շարադրված են նրանց հետ վարվելու կանոնները, որոնք սակայն անտեսվում են: Օրենքն ասում է` ցանկացած հուշարձան պետք է ունենա պահպանման պարտավորագիր հուշարձանը տնօրինողի կամ դրա սեփականատիրոջ կողմից: Մինչդեռ այսօր գրեթե ոչ մի հուշարձանի պահպանման պայմանագիր գոյություն չունի»,-ասել է Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ շեշտել է, որ իրենք անհանգստանում են, քանի որ «վստահության ռեսուրս չի մնացել»:

«Եթե մենք կորցրած չլինեինք Սեւան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, արդեն նաեւ Փակ շուկան, մենք այդքան չէինք անհանգստանա, բայց այլեւս չի կարելի թողնել, որ այսպես հերթով մեր պատմական կառույցները կորչեն քաղաքի պատմությունից»,- ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետները շեշտել են, որ անհրաժեշտ է առանձին օրենքով ամրագրել հուշարձանների մի ցանկ, որոնց վաճառքն ընդհանրապես կարգելվի:

«Այլապես կարող է օպերայի շենքը մի օր, լավ գին տալու դեպքում, դառնալ կազինո,  Մատենադարանի շենքը` հյուրանոց, չենք կարող բացառել, որ մի օր էլ կվաճառվի Հռիփսիմեի վանքը»,- ասել է Սաշուր Քալաշյանը: