Օրեր առաջ Դիլիջան քաղաքում տեղի ունեցած մահացու վրաերթին մասնակցած մեքենան գրանցված է եղել երգիչ Արամեի անունով, սակայն վերջինս ղեկին չի եղել:
Ինչպես հայտնում են ոստիկանության մեր աղբյուրները, մարտի 3-ին` կեսգիշերին մոտ Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 53-ամյա Հ.Սանթրոսյանին եւ դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած ոստիկանները օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ վրաերթն իրականացրել է Դիլիջանի բնակիչ, 26-ամյա Սասուն Օ.-ն: Վերջինս նախ հերքել է իրեն մեղսագրվող արարքը, ապա փաստերի ճնշման տակ խոստովանել այն:
91 ՈՈ 111 համարանիշով մեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Օ.-ի դեմ քրգործ է հարուցվել Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Նշված համարանիշով BMW մակնիշի մեքենան գրանցված է երգիչ Արամեի (Արամ Եղիազարյան) անունով: Երգիչը վաճառել էր մեքենան, սակայն անվանափոխություն դեռ չէր արվել:




























