Այսօր` մարտի 6-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունում` Կանանց համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել: Չնայած, որ միջոցառումը տեղի է ունեցել երկու օր շուտ` այն անցել է բավականին ջերմ եւ իսկապես տոնական մթնոլորտում:
Հրավիրվածների մեջ էին կին զինծառայողներ, նախկին ազատամարտիկներ, Հայրենիքին իրենց կյանքը տված զինծառայողների եւ ազատամարտիկների մայրերն ու այրիները եւ այլոք:
Հանդիսավոր միջոցառման մասնակիցների գնահատականին են հանձնել «Նվիրում» փաստագրական ֆիլմը, որը սահմանամերձ գյուղի հասարակ կանանց մասին է եղել: Ֆիլմում կարմիր թելով աշխարհին կոչ է արվել` «միայն թե պատերազմ չլինի»:
«Մենք խաղաղության կողմանկից ենք: Բայց հարկ եղած դեպքում նորից զենք կվերցնենք»,- ընդգծել է ֆիլմի դիտումից հետո հանդես եկած կին ազատամարտիկներին համախմբող հասարակական կազմակերպության ղեկավար Աիդա Սերոբյանը` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի համար մղված պայքարում զոհվել է ավելի քան 40 կին:
Իր պարզ, մարդկային շնորհակալությունը կանաց է հայտնել նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այս ոչ պատերազմական, միեւնույն ժամանակ եւ ոչ խաղաղ պայմաններում հայ կանայք ակտիվ կերպով գործում են բոլոր բնագավառներում: Ցանկանում եմ շնորհավորել ձեզ եւ իմ խորին շնորհակալությունը հայտնել»,- ընդգծել է Օհանյանը:
Պաշտոնական մասն ավարտվել է պատվոգրերի, շքանշանների եւ արժեքավոր նվերների շնորհման արարողությունով: Հատուկ ծափողջույններով մասնակիցները դիմավորել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Սարգսյանին:
Երեկոն շարունակել է տոնական համերգը:




























