Նախագահները պետք է ընտրվեն, ոչ թե` նշանակվեն: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Նոյեմբերյան քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա խոսքով` այն բանից հետո, երբ դե ֆակտո գործող իշխանությունը հայտարարի իր հրաժարականը, արդար ընտրություններով կընտրվի նորը: «Այսօր հավաքվել են մեծերն ու երիտասարդները, հայտնիներն ու շարքայինները եւ մենք բոլորս գիտենք, որ ժողովրդի գործը մեկ մարդու կամ մեկ կուսակցության գործ չէ: Մեր գործն է, որպեսզի հայաստանի բնակիչը չհեռանա, այլ` վերադառնա: Իսկ նա, ով ասում է, որ հայ ժողովուրդը դատապարտված է հեռանալ երկրից աշխատանքի հետեւից` «խոպան», հենց այդ մարդն է «խոպանչի»: Նման մարդկանց չեմ ասի «հեռացեք», որովհետեւ սա նաեւ նրանց հայրենիքն է: Բայց նրանց ասում եմ. «խելքի եկեք, հակառակ դեպքում դուք բոլորդ պատասխան կտաք օրենքի առջեւ ձեր կատարած ապօրինությունների համար»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ժողովրդին հուսախաբ չի անի:
«Ոչ ոք իրավունք չունի խաղալ հայ ժողովրդի կամարտահայտման հետ: Ես ասում եմ պարոններ Պուտինին, Օբամային, Օլանդին, Բարոզուին. «Մենք շատ հարգում ենք ձեզ եւ գնահատում լավ հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, բայց հայկական հողի տերը հայ ժողովուրդն է: Եվ թող ոչ ոք, լինի Հայաստանի բնակիչ, թե` օտարերկացի, խաղալիք չդարձնի հայ ժողովրդի կամքը»,-ընդգծել է ընդդիմության առաջնորդը:




























