Ընդդիմության առաջնորդ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` Արթիկ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ, որին ներկա են եղել բազմաթիվ արթիկցիներ, քաղաքի հրապարակ է մտել ոստիկանական մի մեքենա: Ոստիկանության սպաները բարձրախոսով դիմել են հավաքվածներին` նախազգուշացնելով չարտոնված հանրահավաքի մասնակցելու համար պատասխանատվության մասին: Լսելով ոստիկաններին, Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բազմության միջով անցնելով մոտեցել են ոստիկանական մեքենային եւ բացատրություն պահանջել:
«Ձեր հանրահավաքը արտոնված չէ եւ մենք պետք է դադարեցնենք այն»,-ասել են ոստիկանները, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է, հայտարարելով, որ պատասխանատու է իր արարքների համար եւ պատրաստ է հանդիպել քաղաքի ոստիկանապետի հետ:
Հակոբյանն, իր հերթին, ցուցարարներին կոչ է արել ազատել փողոցի երթեւեկելի հատվածը եւ վերադառնալ հանրահավաքի վայր: Մի քանի րոպե անց հանրահավաքը շարունակվել է:
Նշենք, որ Արթիկի բնակիչները ոստիկանական մեքենան դիմավորել են սուլոցներով եւ հեռանալու կոչերով:
Շարունակելով իր ելույթը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ես հեռախոսով զրուցեցի Հայաստանի ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանի` զորավարի հետ, ինչպես մեզանում ընդունված է ասել: Ոստիկանները հարգանքի արժանի են, բայց քաղաքացիների իրավունքները ոչ ոք չպետք է խախտի: Եթե որեւէ մեկը ձեր հասցեին նման սպառնալիքներ հնչեցնի, ես կկանգնեմ ձեր թիկունքին»:




























