Մոսկվայի Տվերյան շրջանի դատարանը չորեքշաբթի օրը դատապարտել է գործարար եւ խաբեբա Վադիմ Գուրժիային, ով կոմունիստ պատգամավորի հետ խորհրդարանում տեղ է վաճառել: Դատավճռի համաձայն` Վադիմ Գուրժիան դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:

Ըստ գործի նյութերի` 2011 թվականի մայիսին «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից Վլադիմիր Մյասինն ու Լեոնիդ Կարագոդը գործարար Ալեքսանդր Չերնիկովին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունում տեղ են առաջարկել 6,5 միլիոն եվրոյի դիմաց: Չերնիկովին ծանոթացրել են «Կրեմլի ազդեցիկ մարդկանցից մեկի հետ», որի դերում հանդես է  եկել դատապարտված Վադիմ Գուրժիան: Վերջինս իր հերթին գործարքի գինը բարձրացրել է 7,5 միլիոն եվրոյի եւ այդ ժամանակ Չերնիկովը դիմել է ՌԴ ԱԴԾ:

Բանակցություններին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Կրասնոդարի տարածաշրջանի Պետդումայի պատգամավոր, ՌԴ Կոմկուսի անդամ,  38-ամյա Կոնստանտին Շիրշովը: Ի վերջո կողմերը պայմանավորվել են, որ առաջին տրանշը կփոխանցվի հուլիսի 7-ին:Այդ ժամանակ էլ միջնորդը ձերբակալվել է: Հուլիսի 9-ին հաջողվել է ձերբակալել նաեւ Լեոնիդ Կարագոդին: Երկու ձերբակալվածներն էլ հայտարարել են, որ գործել են Գուրժիայի հանձնարարությամբ, ով իրականում մեծ կապեր ունի:

Հուլիսի 25-ին Վադիմ Գուրժիան ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից, որից հետո նրան ճանաչել է նաեւ Չերնիկովը: Վ. Մյասինն ու Լ. Կարագոդն արդեն դատապարտվել են համապատասխանաբար  2,5 եւ 3 տարի ազատազրկման: Կոմունիստ Կոնստանտին Շիրշովի դեմ դատաքննությունը դեռ չի ավարտվել: Իսկ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկվել է միայն   2012  թվականի վերջին:.

Ինչպես նշում է  NEWSru.com-ը, Վադիմ Գուրժիայի մոտիկությունը ռուսական իշխանությունների վերնախավի հետ` այդպես էլ հանելուկ է մնացել: