Չեչնիայի Հանրապետությունում զինված ընդհատակյա հանցախմբի անդամներին վերացնելու հատուկ գործողություն է ընթանում: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է հանցախմբերից մեկի առաջնորդը, հայտնել է հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը: 

Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ լեռնանտառային տեղանքում հայտնաբերվել է զինված գրոհային, որը կրակ է բացել հանձնվելու առաջարկին ի պատասխան, եւ սպանվել պատասխան կրակոցից: «Նրա ինքնությունը ճշտվել է՝ Ադամ Խուչուլայեւ, որը Գակայեւ եղբայրներին վերացնելուց հետո հավակնում էր հանցախմբի ղեկավար դառնալուն», - հայտնել է Քադիրովը:

Այժմ հատուկ գործողության ակտիվ փուլը շարունակվում է: Հատուկ գործողության մասնակիցների մեջ  զոհեր եւ տուժածներ չկան, հայտնում է «Ռոսբալտը»:

Հունվարի վերջին հատուկ գործողության ընթացքում վերացվել էին Մուսլիմ եւ Հուսեյն Գակայեւ եղբայրները, որոնք մասնակից էին մահապարտ ահաբեկիչների պատրաստմանը,  ահաբեկչական հարձակումների մի ամբողջ շարքի, այդ թվում՝ մոսկովյան, կազմակերպմանը: